սպասիր․․․

Պարանոցի շրջանները

Պարանոցի կառուցվածքի առանձնահատկությունները

  1. Պարանոցն ունի բազմաշերտ փակեղային կառուցվածք, և ըստ Շևկունենկոյի, պարանոցի վրա տարբերում են 5 փակեղներ։
  2. Փակեղների և նրանց թերթիկների միջև ձևավորվում են բազմաթիվ հաղորդակցվող և ներփակ միջփակեղային տարածություններ։ Եթե տարածությունը ներփակ է, ապա բորբոքումը այստեղ կտեղակայվի, իսկ եթե հաղորդակցվող է, ապա կտարածվի։
  3. Պարանոցը համարվում է մարմնի ամենաբարդ տեղագրական շրջանը, քանի որ այստեղով են անցնում կենսական կարևոր օրգանները (արյան շրջանառության և շնչառական համակարգի)։
  4. Պարանոցը խիստ անպաշտպան է վնասվածքների համար,
  5. վերքերը հակում ունեն ինֆեկցվելու, ընդ որում ինֆեկցիայի աղբյուրը կարող է լինել և էկզոգեն, և էնդոգեն։
  6. շարժուն հատված է, այդ պատճառով վերքի առաջնային վիրաբուժական մշակումը ավելի բարդ է։
  7. քանի որ պարանոցը բաց հատված է, հարմար է վիրահատական կտրվածքները կատարել պարանոցի ծալքերի ուղղությամբ, ընդ որում պարանոցի դրսային եռանկյան մեջ այդ ծալքերը թեք են, իսկ միջային եռանկյան մեջ՝ հորիզոնական։ Պարանոցի վրա կա երկու բնական ծալք՝ մեկը կորճոսկրի մակարդակին է, մյուսը կրծոսկրի լծային կտրուճից(incisura jugularis) վերև:
  8. Մաշկը շարակցահյուսվածքային խտրոցներով միահյուսված է մակերեսային փակեղի հետ, որն էլ իր հերթին բունոց է ձևավորում մաշկամկանի համար։
  9. Պարանոցի ստորին հատվածների վնասվածքի դեպքում հաճախ վնասվում է նաև թոքային հյուսվածքը, քանի որ պլևրայի պարկերի գագաթները ավելի վեր են դասավորված՝ անրակից 2-3սմ, իսկ 1-ին կողից՝ 3-4սմ վերև։
  10. Պարանոցի վրա շատ են ենթամաշկային զգացող նյարդերը, այդ իսկ պատճառով այն դառնում է զարգացած ռեֆլեքսոգեն զոնա։

Պարանոցի սահմանները՝

Վերին սահմանը՝ գլխի սահմանն է,

Ստորին սահմանը՝

  • կրծոսկրի լծային կտրուճ
  • անրակի վերին եզր
  • ուսելուն (acromion), այստեղից մինչև
  • C7 ողի(vertebrae cervicales) փուշելունը տարած գիծը։

ՊԱՐԱՆՈՑԻ ՇՐՋԱՆՆԵՐԸ

Բաժանվում է 2 մասի՝

  • բուն պարանոց (regio colli)
  • վիզ (regio nuchae)

Պարանոցի վրա տարբերում են 7 շրջաններ`

Կրծոսկրաանրակապտկաձևային մկանը (m. sternocleidomastoideus) բուն պարանոցը բաժանում է 2 շրջանների՝

  • պարանոցի միջային եռանկյունի (trig. colli mediale)
  • պարանոցի կողմնային եռանկյունի (trig. colli laterale)

Պարանոցի միջային եռանկյունին կորճոսկրով և պարանոցի երկփոր մկանի (m. digastricus) հետին փորիկով բաժանվում է երկու շրջանի՝

  • վերկորճային շրջան (regio suprahyoidea)
  • ստորկորճային շրջան (regio infrahyoidea)

Վերկորճային շրջանը  երկփոր մկանի առաջային փորիկով բաժանվում է՝

  • ենթածնոտային եռանկյունու (զույգ) (trig. submandibulare)
  • ենթակզակային եռանկյունու (trig. submentale)

Ստորկորճային շրջանը թիակ-կորճային մկանի (m. omohyoideus) վերին փորիկով բաժանվում է՝

  • քնային եռանկյունու (trig. caroticum)
  • թիակշնչափողային եռանկյունու (trig. omotracheale)

Պարանոցի կողմնային եռանկյունին (trig. colli laterale) թիակ-կորճային մկանի (m. omohyoideus) ստորին փորիկով բաժանվում է՝

  • թիակսեղանարդաձև եռանկյունի (trig. omotrapezoideum)
  • թիականրակային եռանկյունի (trig. omoclaviculare)

Առանձնացնում են նաև մի շրջան, որը համապատասխանում է կրծոսկրաանրակապտկաձևային մկանի զբաղեցրած տեղին և անվանում են՝

  • կրծոսկրաանրակապտկաձևային շրջան (regio sternocleidomastoideus)

4 thoughts on “Պարանոցի շրջանները

Թողնել մեկնաբանություն