սպասիր․․․

Գանգի ընդհանուր կառուցվածքը

Գանգը (cranium) կազմված է երկու մասից՝

  1. ուղեղային գանգ (cranium cerebrale, neurocranium) – այստեղ տեղակայված է ուղեղը,
  2. դիմային գանգ (cranium viscerale, splanchnocranium) – կազմում է դեմքի ոսկրային հենքը, մարսողական և շնչառական համակարգերի սկզբնական բաժինները։

Գանգը կազմված է 22 ոսկրերից  (բացառությամբ ականջի ոսկրիկների), որոնցից 8-ը կազմում են ուղեղային գանգը, իսկ 14-ը՝ դիմային գանգը։ Ակնակապիճները տեղադրված են ուղեղային և դիմային գանգերի միջև և ձևավորվում են 7 ոսկրերի միջոցով։          գանգի-ոսկրերը

Գանգի ոսկրերի մի մասն իրենց մեջ ունեն օդակիր խոռոչներ, որոնք հաղորդակցվում են քթի խոռոչի հետ։ Այս խոռոչները նվազեցնում են գանգի զանգվածը՝ միաժամանակ ապահովելով ամրությունը։

Գանգի բոլոր ոսկրերը, բացառությամբ ստորին ծնոտի, անշարժ են՝ միացած իրար կարաններով։ Գանգի հիմնական կարաններն են՝

  • պսակաձև կարան (sutura coronalis) –առանձնացնում է ճակատոսկրը գագաթոսկրերից,
  • սագիտալ կարան (sutura sagitalis) – առանձնացնում է երկու գագաթոսկրերը միմյանցից,
  • լյամբդայաձև կարան (sutura lambdoidea) – քունքոսկրը և գագաթոսկրը առանձնացնում է ծոծրակոսկրից,
  • խրթեշավոր կարան (sutura squamosa) – քունքոսկրի խրթեշավոր մասը առանձնացնում է գագաթոսկրից,
  • ատամնավոր կարանններ (sutura serratae) – ձևավորվում են սեպոսկրի մեծ թևի կողմնային մասերի և հարևան ոսկրերի (քունքոսկրի, գագաթային և ճակատային ոսկրերի միջև։

գանգի-կարանները-կողքից

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԳԱՆԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ուղեղային գանգում տարբերում են՝

  • գանգաթաղ (calvaria)վերին մասն է,
  • գանգի հիմք (basis cranii)
Գանգաթաղ (calvaria)

 Կազմված է՝ ճակատոսկրի խրթեշով, գագաթոսկրերով, ծոծրակոսկրի և քունքոսկրի խրթեշներով, սեպոսկրի մեծ թևերի կողմնային բաժիններով։

Գանգաթաղի արտաքին մակերեսին գտնվում են`

  • կարանները՝ սագիտալ, պսակաձև, լյամբդայաձև, ատամնավոր, խրթեշավոր (տես կարաններ)
  • ճակատային թմբերը (tuber frontale)
  • վերհոնքային աղեղները (arcus superciliaris)՝ ակնակապիճներից վեր
  • հոնքամեջ (glabella)՝ վերհոնքային աղեղների միջև
  • գագաթային թմբերը՝ գանգաթաղի վերին-կողմնային մակերեսների վրա
  • վերին քունքային գիծ (linea temporalis superior)` գագաթային թմբերից ներքև
  • ստորին քունքային գիծ (linea temporalis inferior)` վերինի տակը, քունքամկանի սկսման տեղն է,
  • քունքափոս (fossa temporalis)` տեղակայված է գանգաթաղի առաջնա-կողմնային մասում, սահմանափակվում է վերևից՝ քունքային ստորին գծով, ներքևից՝ սեպոսկրի մեծ թևի ստորքունքային կատարով (crista infratemporalis),
  • ստորքունքային փոս (fossa infratemporalis)՝ բաժանվում է քունքափոսից ստորքունքային կատարով,
  • դրսային կողմից քունքափոսը սահմանափակվում է այտային աղեղով (arcus zygomaticus)։

գանգաթաղ

 

Գանգաթաղի ներքին մակերեսին գտնվում են՝

  • կարաններ (սագիտալ, պսակաձև, լյամբդայաձև, խրթեշավոր),
  • մատնապճեր (impressiones digitatae)` մեծ ուղեղի գալարների հետքերը,
  • զարկերակների և երակների հպման տեղերը (sulci arteriosi et venosi),
  • հատիկավորումների փոսիկներ (foveolae granulares), առաջացել են պատյանի ոստայնենու արտափքումից,
  • վերին սագիտալ ծոցի ակոս (sulcus sinus sagittalis superioris)։
Գանգի հիմք (basis cranii)
  1.             Գանգի արտաքին հիմքը (basis cranii externa) կազմված է ծոծրակոսկրի, քունքոսկրերի և սեպաձև ոսկրի արտաքին մակերեսով։ Այս հատվածում երևում են՝
    • մեծ ծոծրակային անցք (foramen magnum),
    • ծոծրակային կոճեր (condylus occipitalis), գտնվում են անցքի երկու կողմերում,
    • ենթալեզվային խողովակ (canalis hypoglossalis), անցնում է յուրաքանչյուր կոճի հիմքով,
    • կոճային խողովակ (canalis condylaris), գտնվում է ծոծրակային կոճից անմիջապես հետ, կոճային փոսի մեջ,
    • արտաքին ծոծրակային ցցաթումբ (protuberantia occipitalis externa),
    • վերին վզարմատային գիծ (linea nuchae superior),
    • ստորին վզարմատային գիծ (linea nuchae inferior),
    • ըմպանային թմբիկ (tuberculum pharyngeum), գտնվում է ծոծրակոսկրի հիմային մասում,
    • լծային անցք (foramen jugularis)՝ քունքոսկրի բրգային մասի և ծոծրակոսկրի միջև
    • լծային փոսը (fossa jugularis),
    • քնային խողովակ (canalis caroticus),
    • մկանափողային խողովակ (canalis musculotybarius),
    • մախաթաձև ելուն (processus styloideus),
    • պտկաձև ելուն (processus mastoideus),
    • մախաթապտկաձևային անցք (foramen stylomastoideum),
    • պտկաձևային կտրուճ (incisura mastoidea),
    • փշաձև անցք (foramen spinosum),
    • ձվաձև անցք (foramen ovale),
    • վիմածոծրակային ճեղք (fissura petrooccipitalis), որով քունքոսկրի բուրգը բաժանվում է ծոծրակոսկրից,
    • սեպավիմային ճեղք (fissura sphenopetrosa), որով քունքոսկրի բուրգը բաժանվում է սեպոսկրի մեծ թևից,
    • պատռված անցք (foramen lacerum)` ձևավորվում է քունքոսկրի բրգի գագաթով, ծոծրակոսկրի մարմնով և սեպոսկրի մեծ թևով։գանգի-հիմքը-արտաքինիցԳանգի ներքին հիմքը (basis cranii interna )  անհարթ է, բաժանվում է 3 գանգափոսերի՝
      1. առաջային գանգափոս (fossa cranii anterior)

      բաժանվում են միմյանցից սեպոսկրի փոքր թևերի հետին եզրով և թամբի թմբիկով

      1. միջին գանգափոս (fossa cranii media)

      սահմաներն են՝ քունքոսկրերի բրգերի վերին եզրերը և սեպոսկրի թրքական թամբի մեջքը

      1. հետին գանգափոս (fossa cranii posterior)

       գանգի-հիմք-ներսից

      Առաջային գանգափոսը (fossa cranii anterior)  կազմվում է ճակատոսկրի ակնակապճային մասերով։ Այս հատվածում երևում են՝

      • մաղոսկրի ծակոտկեն թիթեղ (lamina cribrosa)
      • աքլորի կատար (crista galli)
      • կույր անցք (foramen cecum)
      • ճակատային կատար (crista frontalis)

      Միջին գանգափոսի (fossa cranii media) կազմության մեջ են մտնում սեպոսկրի մարմինը, մեծ թևերը, բրգերի առաջային մակերեսները, քունքոսկրի խրթեշային մասերը։ Այստեղ են գտնվում՝

      • թրքական թամբ (sella turcica)
      • հիպոֆիզային փոս (fossa hypophysialis)
      • թամբի թմբիկ (tuberculum sellae)
      • նախախաչվածքային ակոս (sulcus prechiasmatis)
      • տեսողական խողովակ (canalis opticus)
      • քնային ակոս (sulcus caroticus)
      • պատռված անցք (foramen lacerum)
      • ներքին քնային անցք (foramen caroticum internum)
      • վերին ակնակապճային ճեղք (fissura orbitalis superior)` գտնվում է սեպոսկրի մեծ, փոքր թևերի և մարմնի միջև
      • ստորին ակնակապճային ճեղք (fissura orbitalis inferior)
      • կլոր անցք (foramen rotundum)
      • ձվաձև անցք (foramen ovale)
      • փշաձև անցք (foramen spinosum)
      • եռվորյակային պուճ (impressio trigemini)
      • մեծ վիմանյարդի խողովակի ճեղք (hiatus nervus petrosi majoris)
      • մեծ վիմանյորադի ակոս (sulcus nervus petrosi majoris)
      • փոքր վիմանյարդի խողովակի ճեղք (hiatus nervus petrosi minoris)
      • փոքր վիմանյարդի ակոս (sulcus nervus petrosi minoris)
      • թմբկախոռոչի կտուր (tegmen tympani)
      • աղեղնաձև բարձրություն (eminentia arcuata)

       

      Հետին գանգափոսի (fossa cranii posterior) կազմությանը մասնակցում են  ծոծրակոսկրը, բրգերի հետին մակերեսները, քունքոսկրերի պտկաձև ելունների ներքին մակերեսները, ինչպես նաև սեպոսկրի մարմնի մի փոքր մասը և կողքերից՝ գագաթոսկրերի հետին-ստորին անկյունները։  Այստեղ են մտնում՝

      • մեծ (ծոծրակային) անցք (foramen magnum)
      • լանջ (clivus)
      • ծոծրակային ներքին կատար (crista occipitalis interna)
      • խաչաձև բարձրություն (eminentia cruciformis)
      • ներքին լսողական անցք (meatus acusticus internus)
      • լծային անցք (foramen jugularis)
      • լայնական ծոցի ակոս (sulcus sinus transversi)՝ թաղի և գանգի ներքին հիմքի սահմանն է, որը յուրաքանչյուր կողմից անցնում է սիգմայաձև ծոցի ակոսին։

Գանգափոսի հիմնական անցքերը և նրանցով անցնող անոթներն ու նյարդերը

Գանգի-անցքերը

ԴԻՄԱՅԻՆ ԳԱՆԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Դիմային գանգի վրա կան մի շարք գոյացություններ, որոնք կարևոր օրգանների զետեղարաններ են։ Դրանք են՝

  • ակնակապիճները,
  • քթի խոռոչը,
  • բերանի խոռոչը՝ առաջային մակերեսի վրա,
  • ստորքունքային փոսը՝ կողմնային մակերեսի վրա
  • թևաքմային փոսը՝ կողմնային մակերեսի վրա։
ԱԿՆԱԿԱՊԻՃ (ORBITA)

Զույգ խոռոչներ են՝ նման կլորացած անկյուններով քառակողմ բրգի։ Բրգի հիմքն ուղղված է դեպի առաջ, կոչվում է ակնակապճի մուտք(aditus orbitae), որը սահմանափակվում է ակնակապճային եզրով (margo orbitalis): Ակնակապճի գագաթը ուղղված է հետ և միջայնորեն։ Նրանով անցնում է տեսողական խողովակը(canalis opticus):

Ակնակապճում տեղակայված են՝ ակնագունդն իր մկաններով, նյարդերով և անոթներով, ինչպես նաև արցունքագեղձը և ճարպային հյուսվածք։ Ակնակապիճը ձևավորվում է 7 ոսկրերի միջոցով։ակնակապիճ

Ակնակապճի խոռոչն ունի 4 պատեր` վերին, միջային, ստորին և կոմնային։ Բոլոր պատերը հարթ են։

Վերին պատը (paries superior) (ակնակապճի կտուրը) կազմվում է ճակատոսկրի ակնակապճային մասով(pars orbitalis) և հետևից լրացվում սեպոսկրի փոքր թևով։ Այստեղ կան՝

  • վերակնակապճային եզր (margo supraorbitalis)
  • վերակնակապճային կտրուճ կամ անցք (incisura, foramen supraorbitalis)
  • արցունքագեղձի փոս (fossa glandulae lacrimalis)
  • ճախարակային փոսիկ (fovea trochlearis)
  • ճախարակային փուշ (spina trochlearis)

Միջային պատը (paries medialis) կազմում են վերին ծնոտի ճակատային ելունը, արցունքոսկրը, մաղոսկրի ակնակապճային թիթեղը, սեպոսկրի մարմինը և ճակատոսկրի ակնակապճային մասի ամենամիջային հատվածը։  Այստեղ գտնվում են՝

  • արցունքապարկի փոսը (fossa sacci lacrimalis)` առաջային բաժնում, որը դեպի ներքև վեր է ածվում ստորին քթային խեցու անցուղու մեջ բացվող քթաարցունքային խողովակի (canalis nasolacrimalis)
  • առաջային մաղոսկրային անցք (foramen ethmoidale anterius),
  • հետին մաղոսկրային անցք (foramen ethmoidale posterius), համանուն նյարդերի և անոթների համար

Ստորին պատը (paries inferior)  կազմվում է վերին ծնոտի և այտոսկրի ակնակապճային մակերեսներով։ Հետևից պատը լրացվում է քմոսկրի ակնակապճային ելունով։ Այստեղ տեղադրված է z, որը  վերին ծնոտի վրա եր է ածվում համանուն խողովակի։

Կողմնային պատը (paries lateralis) կազմվում է սեպոսկրի մեծ թևի ակնակապճային մակերեսներով, այտոսկրի ճակատային ելունով և ճակատոսկրի այտային ելունի մի փոքր մասով։

ակնակապիճ

Ակնակապճի խորքում գտնվում են՝

  • տեսողական խողովակը (canalis opticus)
  • ակնակապճային վերին ճեղքը (fissura orbitalis superior)
  • ստորակնակապճային ճեղքը (fissura orbitalis inferior), որը ակնակապիճը հաղորդակցում է թևաքմային և ստորքունքային փոսերի հետ։
ՔԹԻ ԽՈՌՈՉ (CAVUM NASI)

Քթի ոսկրային միջնապատը (septum nasi osseum) կազմված է մաղոսկրի ուղղահայաց թիթեղով (lamina perpendicularis osis ethmoidalis) և խոփով (vomer): Ներքևում ամրացված է քթային կատարին (crista nasalis): Առջևից տանձաձև բացվածքն է (apertura piriformis), որը ձևավորվում է վերին ծնոտի քթային կտրուճներով և քթոսկրերի ստորին եզրերով։ Վերջինիս ստորին հատվածում  գտնվում է առաջային քթային փուշը (spina nasalis anterior):

խոաններՔթի խոռոչի հետին անցքերը՝ խոանները (choanae), քթի խոռոչը կապում են ըմպանի հետ։  Յուրաքանչյուր խոան դրսային կողմից սահմանափակվում է թևակերպային ելունի միջային թիթեղով (lamina medialis processus pterygoidei), իսկ միջային կողմից՝ խոփով, վերևից՝ սեպոսկրի մարմնով, ներքևից՝ քմոսկրի հորիզոնական թիթեղով։

 

Քթի խոռոչը սահմանափակված է 3 պատերով՝ վերին, ստորին  և կողմնային։

Քթի խոռոչի վերին պատը կազմված է քթոսկրերով, ճակատոսկրի քթային մասով, մաղոսկրի քթային թիթեղով  և սեպոսկրի մարմնի ստորին թիթեղով։

Քթի խոռոչի ստորին պատը ձևավորվում է վերին ծնոտների քմային ելուններով (processus palatinus) և քմոսկրերի հորիզոնական թիթեղներով (lamina horizontalis ossis palatini)։  Նշված ոսկրերը միջին գծով առաջացնում են քթային կատարը (crista nasalis):

Քթի խոռոչի կողմնային պատը կազմվում է վերին ծնոտի քթային մակերեսով և ճակատային ելունով, արցունքոսկրով, մաղոսկրային բավիղով, քմոսկրի ուղղահայաց թիթեղով, սեպոսկրի թևակերպային ելունի միջային թերթիկով։քթի-խոռոչի-պատերը

 

Քթի խոռոչի կողմնային պատի վրա կան 3 խեցիներ՝

  • վերին քթային խեցի (concha nasalis superior),
  • միջին քթային խեցի (concha nasalis media),
  • ստորին քթային խեցի (concha nasalis inferior)

քթի-խոռոչի-կառուցվածք

Վերին և միջին խեցիները հանդիսանում են մաղոսկրի մասը, իսկ ստորին խեցին ինքնուրույն ոսկր է։ Այս խեցիները քթի խոռոչը բաժանում են անցուղիների՝

  • վերին քթային անցուղի (meatus nasi superior)գտնվում է վերին և միջին քթային խեցիների միջև։ Այն թույլ է զարգացած, և գտնվում է հետին մասում։

Վերին քթային անցուղու մեջ բացվում են`

  1. մաղոսկրի հետին խորշիկները
  2. սեպաձև ծոցի բացվածքը (apertura sinus sphenoidale)։ Վերջինս բացվում է անցուղու հետին մասում գտնվող սեպամաղոսկրային փոսության (recessus sphenoethmoidalis) միջոցով։
  • միջին քթային անցուղի (meatus nasi medius)տեղակայվում է միջին և ստորին քթային խեցիների միջև։ Այն վերինի համեմատ ավելի երկար է, բարձր և լայն։

Միջին քթային անցուղու մեջ են բացվում`

  1. մաղոսկրի առաջային և միջին խորշիկները,
  2. ճակատային ծոցի բացվածքը (apertura sinus frontalis) մաղոսկրային ձագարի միջոցով (infundibulum ethmoidale),
  3. հայմորյան ծոցը տանող (sinus maxillaris) կիսալուսնաձև ճեղքը (hiatus semilunaris):

Միջին քթային խեցուց հետ գտնվում է սեպաքմային անցքը (foramen sphenopalatinum):

  • Ստորին քթային անցուղի (meatus nasi inferior)ամենաերկարն ու լայնն է։ Վերևիս սահմանափակված է ստորին քթային խեցիով, իսկ ներքևից՝ վերին ծնոտի քմային ելունի քթային մակերեսով և քմոսկրի հորիզոնական թիթեղով։

Ստորին քթային անցուղու  մեջ է բացվում ակնակապճի մեջ սկսվող քթաարցունքային խողովակը (canalis nasolacrimalis):

Ոսկրային քիմք (palatum osseum)

Կազմված է աջ և ձախ վերին ծնոտների քմային ելուններով (processus palatinus maxillae) և քմոսկրերի հորիզոնական թիթեղներով (lamina horizontalis ossis palatini), որոնք մեջտեղում միանում են միջնաքմային կարանով (sutura palatina mediana): Այս կարանի առաջային ծայրին մոտ գտնվում է կտրիչային խողովակը (canalis incisivus), որով անցնում է քթաքմային նյարդը (n. nasopalatinus)  և սեպաքմային զարկերակը (a. sphenopalatina):  Վերին ծնոտների և քմոսկրերի միացման տեղում գտնվում է քմային լայնական կարանը (sutura palatina transversa), որից հետ, հորիզանական թիթեղի հիմքում տեղակայված է մեծ քմային խողովակի անցքը (foramen palatinum majus), որով անցնում են մեծ քմային նյարդը (n. palatinus major) և անոթները։ Սրանից ավելի հետ գտնվում է 2-3 գտնվում են քմային փոքր անցքեր (foramina palatina minora), որոնք բերանի խոռոչը հաղորդակցում են թևաքմային փոսի հետ։ Քմային փոքր անցքով անցնում են փոքր քմային նյարդերը  (nervi palatini minores) և անոթները։

 Ոսկրային քիմքը առջևից և կողքերից սահմանափակվում է վերին ծնոտի ատամնաբնային աղեղով (arcus alveolaris): Դեպի վար դարձած ստորին քմային մակերեսը գոգ է։

Ոսկրային-քիմք

ՍՏՈՐՔՈՒՆՔԱՅԻՆ ՓՈՍ (FOSSA INFRATEMPORALIS)

Գանգը կողմնային նորմայով (norma lateralis) ուսումնասիրելիս, դիմային և ուղեղային գանգի սահմանին, վերին ծնոտի հետևում երևում է ստորքունքային փոսը (fossa infratemporalis):

Վերևում այն քունքափոսից սահմանազատվում է սեպոսկրի մեծ թևի ստորքունքային կատարով (crista infratemporalis): Որպես վերին պատ ծառայում է քունքոսկրը և սեպոսկրի մեծ թևը։ Միջային պատը կազմված է սեպոսկրի թևակերպ ելունի կողմնային թիթեղով(lamina lateralis processus pterygoidei)։  Որպես առաջային մաս ծառայում է վերին ծնոտի թումբը (tuber maxillae) և մասամբ այտոսկրը։ Ստորքունքային փոսը կողմնային և ստորին ոսկրային պատ չունի։  Միայն մասամբ այն ծածկվում է ստորին ծնոտի ճյուղով։

Առջևից ստորքունքային փոսը ստորակնակապճային ճեղքով (fissura orbitalis inferior)  հաղորդակցվում է ակնակապճի հետ, իսկ միջայնորեն՝ թևակերպածնոտային ճեղքի (fissura pterygomaxillaris) միջոցով թևաքմային փոսի հետ։

ստորքունքային-փոս

ԹԵՎԱՔՄԱՅԻՆ ՓՈՍ (FOSSA PTERYGOPALATINA)

Թևաքմային փոսն (fossa pterygopalatina) ունի 3 պատ՝ առաջային, հետին և միջային։ Փոսի առաջային պատը վերին ծնոտի թումբն է, հետինը՝ թևակերպ ելունի հիմքը, իսկ միջայինը՝ քմոսկրի ուղղահայաց թիթեղը(lamina perpendicularis ossis palatini)։  Դրսային կողմից այն ոսկրային պատ չունի և հաղորդակցվում է ստորքունքային փոսի հետ։ Թևակերպային փոսը դեպի ներքև աստիճանաբար նեղանում է և վեր է ածվում մեծ քմային խողովակի (canalis palatinus major)։

Թևաքմային փոսի մեջ բացվում են 5 անցքեր։

  1. սեպաքմային անցքի (foramen sphenopalatinum) միջոցով այն հաղորդակցվում է քթի խոռոչի հետ (միջային մասով),
  2. կլոր անցքի (foramen rotundum) միջոցով միջին գանգափոսի հետ (վերևից և հետևից ),
  3. թևակերպային խողովակի (canalis pterygoideus) օգնությամբ պատռված անցքի շրջանի հետ (դեպի հետ),
  4. մեծ քմային խողովակի (foramen palatinum majus) միջոցով բերանի խոռոչի հետ(դեպի ներքև),
  5. ստորակնակապճային ճեղքով (fissura orbitalis inferior) հաղորդակցվում է ակնակապճի հետ։

 

թևաքմային-փոսի-անցքերը
թևաքմային-փոսի-անցքերը

 

2 thoughts on “Գանգի ընդհանուր կառուցվածքը

Թողնել մեկնաբանություն