Մարսողական խողովակի պատի կառուցվածքը
Մարսողական խողովակը, որը սկսվում է կերակրափողի պրոկսիմալ (մոտակա) բաժնից և ավարտվում է հետանցքով, իրենից ներկայացնում է սնամեջ խողովակ, որի պատը կազմված է 4 հիմնական շերտից՝
- Ենթալորձային շերտ
- Մկանային շերտ
- Շճաթաղանթ (որոշ մասերում ադվենտիցիալ շերտ)
Կերակրափողի և ստամոքսաղիքային ուղու տարբեր հատվածներում այս շերտերը որոշակիորեն տարբերվում են, սակայն հիմնական տարբերությունները վերաբերում են լորձաթաղանթին։
Լորձաթաղանթ
Լորձաթաղանթը իր հերթին կազմված է հետևյալ շերտերից՝
- էպիթել
- սեփական թիթեղ (lamina propria)
- մկանային թիթեղ
Լորձաթաղանթը ունի 3 հիմնական ֆունկցիա՝
- պաշտպանական
- ներծծման
- արտազատական
Պաշտպանական ֆունկցիա
Էպիթելը սահմանազատում է խողովակի լուսանցքը օրգանիզմի ներքին միջավայրից։ Այն կատարում է առաջին հերթին պաշտպանական ֆունկցիա՝ պաշտպանելով տարատեսակ պաթոգեններից, վնասակար նյութերից։ Կերակրափողում տափակ բազմաշերտ էպիթելը մեխանիկորեն պաշտպանում է սննդի կոշտ մասնիկներից։ Ստամոքս-աղիքային տրակտի միմյանց կիպ միացած գլանաձև էպիթելը ստեղծում է ընտրողական թափանցելիությամբ օժտված պատնեշ։
Ներծծման ֆունկցիա
Տարբեր նյութերի, ջրի և էլեկտրոլիտների ներծծումն ապահովելու համար լորձաթաղանթը և ենթալորձային շերտը առաջացնում են բազմաթիվ ներփքումներ, որոնք զգալիորեն մեծացնում են ներծծման մակերեսը։ Տարբերում են՝
- շրջանաձև ծալքեր – ենթալորձային շերտի շրջանաձև ծալքեր են, որոնք առկա են բարակ աղու գրեթե ողջ երկայնքով։
- թավիկներ –լորձային շերտի արտափքումներ են, որոնք պատում են բարակ աղու ողջ ներքին մակերեսը։
- միկրոթավիկներ – աղու ներծծող բջիջների ապիկալ հատվածի միկրոսկոպիկ արտափքումներ են։
Այս բոլոր կառույցները մեծացնում են ներծծման մակերեսը։ Էպիթելային բջիջները անհրաժեշտ նյութերը և ջուրը ներծծում են ինչպես իրենց կենսագործունության համար, այնպես էլ ստորադիր տեղակայված արյունատար անոթներ տեղափոխելու համար։
Արտազատական ֆունկցիա
Արտազատական ֆունկցիան իրականացվում է մարսողական ուղու ողջ երկայնքով առկա գեղձերի միջոցով։ Տարբեր գեղձային բջիջներ արտադրում են լորձ` պատելու համար լուսանցքը, ֆերմենտներ, HCl, պեպտիդային հորմոններ, ջուր, ինչպես նաև հակամարմիններ։
Մարսողական ուղու գեղձերն են՝
- լորձային գեղձեր – տեղակայված են սեփական թիթեղում,
- ենթալորձային գեղձեր – այս գեղձերը իրենց արտազատուկը լցնում են լուսանցք ինչպես ուղղակի ձևով, այնպես էլ հատուկ ծորանների միջոցով, որոնք բացվում են լորձաթաղանթի մակերեսին։
- էկստրամուրալ (արտապատային) գեղձեր – այն գեղձերն են, որոնք գտնվում են մարսողական խողովակից դուրս և իրենց արտազատուկները հասցնում են մարսողական ուղի հատուկ ծորանների միջոցով՝ ծակելով աղու պատը։ Էսկտրամուրալ գեղձեր են լյարդը և ենթաստամոքսային գեղձը։
Էպիթելը մարսողական ուղու սկզբնական և վերջնական բաժիններում (բերան, ըմպանի մարսողական բաժին, կերակրափող, ուղիղ աղու վերջնամաս) ներկայացված է բազմաշերտ տափակ էպիթելով, իսկ միջին մասում՝ միաշերտ գլանաձև էպիթելով։
Սեփական թիթեղի ողջ երկայնքով տեղակայված են գեղձային բջիջներ, որոնք արտադրում են նաև լորձ, որը պատշտպանում է էպիթելային շերտը մեխանիկական և քիմիական վնասվածքներից։
Ներծծումն ապահովող հիմնական հատվածներում, այսինքն բարակ և հաստ աղիներում, սննդանյութերը և ջուրը անցնում են սեփական թիթեղում առկա արյունատար և ավշային անոթների մեջ։
Սեփական թիթեղում առկա ավշային հոյւսվածքն ապահովում է միասնական իմունոլոգիական պատնեշ։ Այստեղ գոյություն ունի ավշային անոթների շատ խիտ ցանց։ Ավշային համակարգը ներկայացված է՝
- դիֆուզ ավշային հյուսվածքով – կազմված է սեփական թիթեղում տեղակայված բազմաթիվ լիմֆոցիտներից և պլազմային բջիջներից, որոնք անցնում են նաև էպիթելի միջբջջային տարածություններ։
- ավշային հանգույցներ
- էոզինոֆիլներ, մակրոֆագեր, երբեմն նեյտրոֆիլներ
Դիֆուզ ավշային հյուսվածքը և ավշային հանգույցները միասին ներկայացնում են աղիքի հետ ասոցացված ավշային հյուսվածքը (GALT):
- Պեյերյան բծեր – զստաղում (ileum), ինչպես նաև կույր աղիքի սեփական թիթեղում և ենթալորձային շերտում առկա են ավշային հանգույցների կուտակումներ, որոնք կոչվում են Պեյերյան բծեր։
Մկանային թիթեղը լորձաթաղանթի արտաքին 3-րդ շերտն է, որը կազմված է հարթ մկաններից՝ դասավորված ներքին՝ շրջանաձև և արտաքին՝ երկայնական ձևով։ Այս մկանների կծկումն ապահովում է լորձաթաղանթի շարժումները, որոնք հեշտացնում են ներծծումն ու արտազատումը։ Այս մկանների գործունեությունը անկախ է աղիքի ընդհանուր շարժումներից՝ պերիստալտիկայից։
Ենթալորձային շերտ
Ենթալորձային շերտը իրենից ներկայացնում է խիտ անկանոն շարակցական հյուսվածք, որում պարունակվում են գլխավոր անոթներն ու նյարդերը, ինչպես նաև ավշային անոթներ։ Սրանք ճյուղավորումներ են տալիս ինչպես ստորադիր շերտերում, այնսպես էլ մկանային շերտում։
Այստեղ խիտ ցանցով ներկայացված են սիմպատիկ նյարդային վերջույթներ, պարասիմպատիկ գանգլիոններ և նախա- և հետգանգլիոնային նյարդաթելեր։ Այս բոլորը միասին անվանում են էնտերիկ նյարդային համակարգ, որը դիտվում է որպես ինքնավար նյարդային համակարգի 3-րդ բաժին, քանի որ այն կարող է գործել ԿՆՀ-ից բացարձակ անկախ։ Այն գլխավորապես ապահովում է ստամոքսաղիքային տրակտի հարթ մկանների շարժումները։
Ենթալորձային շերտում գտնվող նյարդաթելերը և գանգլիոնները կազմում են ենթալորձային հյուսակը կամ Մեյսների հյուսակ։
Մկանային շերտ
Մկանային շերտը ներկայացված է հարթ մկանաթելերի 2 տարբեր դասավորությամբ շերտերով՝
- շրջանաձև դասավորված՝ ներքին
- երկայնական դասավորված՝ արտաքին
Այս երկու մկանային շերտերի միջև առկա է բարակ շարակցական հյուսվածք, որում տեղակայված է Աուերբախյան հյուսակը, արյունատար և ավշային անոթներ։ Աուերբախյան հյուսակը պարունակում է պարասիմպատիկ հետգանգլիոնային նեյրոններ, էնտերիկ նյարդային համակարգի նեյրոններ և նյարդաթելեր։
Ներքին շրջանաձև դասավորված մկանային շերտի կծկումն ապահովում է լուսանցքի նեղացումը, մինչդեռ արտաքին երկայնական մկանաշերտի կծկումը կարճացնում է աղիքը՝ նպաստելով սննդախյուսի տեղաշարժմանը։
Այս երկու տեսակի շարժումները միասին կոչվում են պերիստալտիկա։
Մարսողական ուղու որոշ հատվածներում մկանային շերտում դիտվում են որոշակի տարբերություններ՝
- կերակրափողի մոտակա հատվածի և ուղիղ աղու դիստալ հատվածի մկանային շերտը կազմված է միջաձիգ զոլավոր մկանաթելերից։
- ստամոքսի մկանային շերտը ներկայացված է 3 շերտով՝
- թեք՝ ներքին,
- շրջանաձև՝ միջին,
- երկայնական՝ արտաքին
- հաստ աղիքում երկայնական մկանաշերտը 3 տեղում հաստանում է և ձևավորում է հաստ աղու ժապավենները (teniae coli):
Ներքին շրջանաձև մկանաշերտը մարսողական ուղու տարբեր հատվածներում հաստանում է և առաջացնում սեղմաններ։
- ըմպան-կերակրափողային սեղման (ֆարինգոէզոֆագիալ) – այն իրենից ներկայացնում է կերակրափողի վերին սեղմանը, որը թույլ չի տալիս օդի մուտքը կերակրափող։
- ստորին կերակրափողային սեղման (կարդիալ) – այս սեղմանի աշխատանքին նպաստում է նաև ստոծանին, ինչի հետևանքով առաջանում է ճնշումների տարբերություն կերակրափողում և ստամոքսում, որը թույլ չի տալիս, որպեսզի ստամոքսի պարունակությունը հետ գնա դեպի կերակրափող (ռեֆլյուքս)։ Այս սեղմանի ոչ նորմալ թուլացումը բերում է գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության առաջացմանը, որի դեպքում ստամոքսի թթվային պարունակությունը անցնում է կերակրափող՝ առաջացնելով կերակրափողի լորձաթաղանթի բորբոքում (ռեֆլյուքս էզոֆագիտ)։
- պիլորիկ սեղման – տեղակայված է ստամոքսի պիլորիկ հատվածի և 12-մատնյա աղու միջև։ Կարգավորում է ստամոքսից խիմուսի անցումը 12-մատնյա աղիք։
- իլիոցեկալ (զստաղի-կույրաղիքային) փական – տեղակայված է բարակ և հաստ աղիների միջև։ Այս փականը կանխում է հաստ աղու՝ բակտերիաներով հարուստ պարունակության հետադարձը (ռեֆլյուքս) դեպի բարակ աղի, որտեղ բակտերիաների քանակությունը շատ ցածր է։
- ներքին հետանցքային սեղման
Շճաթաղանթ և ադվենտիցիա
Շճաթաղանթը կազմված է՝
- շարակցական հյուսվածքի բարակ շերտից,
- տափակ էպիթելից՝ մեզոթել
Շճաթաղանթը շարունակվում է որպես միջընդերք և որովայնամիզ։ Միջընդերքից այստեղ են անցնում խոշոր արյունատար և ավշային անոթներ, ինչպես նաև նյարդային ցողուններ։ Միջընդերքի և շճաթաղանթի վրա կարող է զարգանալ մեծ քանակությամբ ճարպային հյուսվածք։
Մարսողական ուղու որոշ հատվածներ չունեն շճաթաղանթ։ Այս կառույցների մեջ են մտնում՝ կերակրափողի կրծքային հատվածը, որովայնի և կոնքի խոռոչի որոշ կառույցներ, որոնք կպած են խոռոչի պատին՝ 12-մատնյա աղի, վերել և վայրէջ հաստ աղիներ, ուղիղ աղի և հետանցք։ Այս կառույցները որովայնի և կոնքի խոռոչի պատին կպնում են ադվենտիցիալ շերտի միջոցով, որը ներկառուցվում է պատի շարակցական հյուսվածքի հետ։