սպասիր․․․

Նախաբազկի շրջան

ՆԱԽԱԲԱԶԿԻ ՇՐՋԱՆ (REGIO ANTEBRACHII)

Սահմանները

            Վերևից՝ պայմանական շրջանաձև գիծ՝ տարված բազկոսկրի վերկոճերից(epicondylus) 2 միջաձիգ մատ ներքև։

Ներքևից՝ պայմանական շրջանաձև գիծ՝ ծղիկոսկրի և ճաճանչոսկրի մախաթաձև ելուններից(processus styloideus) 1սմ վերև։

Վերկոճերից դեպի մախաթելունները տարված գծերը բաժանում են նախաբազուկը՝ առաջային և հետին շրջանների։

Կողմնորոշիչ գոյացություններն են՝

  • Բազկաճաճանչային մկանը (m. brachioradialis)
  • Ճաճանչային և ծղիկային ակոսները
  • Ճաճանչոսկրի և ծղիկոսկրի մախաթելունները
  • Ափային երկար մկանի ջիլը։

ՆԱԽԱԲԱԶԿԻ ԱՌԱՋԱՅԻՆ ՇՐՋԱՆ(REGIO ANTEBRACHII ANTERIOR)

  1. Մաշկընուրբ է, հավաքվում է ծալքերով, շարժուն է։
  2. Ենթամաշկում գտնվում են՝

Դրսայնորեն

  • գլխային երակը (v. cephalica)
  • նախաբազկի դրսային մաշկային նյարդը (n. cutaneus antebrachii lateralis)

Միջայնորեն

  • հիմային երակը (v. basilica)
  • նախաբազկի միջային մաշկային նյարդը (n. cutaneus antebrachii medialis)

Միջին մասով

  • նախաբազկի միջնակ երակը (v. mediana antebrachii), եթե արմկնային մասում բերանակցումը M տառի տեսքով է։

Նախաբազկի դրսային և միջային մաշկային  նյարդերի ուրվագծերը նախաբազկի ամբողջ երկարությամբ համապատասխանում են ճաճանչային (sulcus radialis) և ծղիկային (sulcus ulnaris) ակոսներին։

Նախաբազկի ճաճանչային ակոսը գտնվում է՝

  • բազկագլխային մկանի(m. brachioradialis) և
  • դաստակը ծալող ճաճանչային մկանի(m. flexor carpi radialis) միջև։

Նախաբազկի ծղիկային ակոսը գտնվում է՝

  • դաստակը ծալող ծղիկային մկանի (m. flexor carpi ulnaris) և
  • մատները ծալող մակերեսային մկանի (m. flexor digitorum superficialis) միջև։
  1. մակերեսային փակեղը բարակ է և նուրբ։ Այն փուխր կերպով կպաց է սեփական փակեղին։ Վնասվածքների ժամանակ մաշկային լաթը զգալի մակերեսով առանձնանում է սեփական փակեղից։
  2. սեփական փակեղը (fascia antebrachii)շրջանի վերին մասում հաստ է, փայլուն, իսկ ստոին մասում ավելի բարակ է և նուրբ։ Վերին հատվածում նրանից սկիզբ են առնում մկաններ։

Միջայնորեն սեփական փակեղը սերտաճում է ծղիկոսկրի միջային եզրի վերնոսկրին։

Դրսայնորեն սեփական փակեղը տալիս է 2 միջմկանային փակեղներ՝

  • ճաճանչային առաջային միջմկանային փակեղ (septum intermusculare anterior radiale), համապատասխանում է ճաճանչային ակոսին(sulcus radialis)։
  • ճաճանչային հետին միջմկանային փակեղ (septum intermusculare posterior radiale), համապատասխանում է բազկաճաճանչային մկանի (m. brachioradialis) հետին եզրին։

Սրանք կպնում են ճաճանչոսկրին։

Ոսկրերի միջև առկա է միջոսկրային ջլաթերթը (membrana interossea antebrachii)

            Այսպիսով, նախաբազկի սեփական փակեղը, նրա միջմկանային խտրոցները և միջոսկրային ջլաթերթը միասին բաժանում են նախաբազուկը 3 ոսկրափակեղային տարածությունների՝

  • առաջային
  • դրսային,
  • հետին

Ի տարբերություն բազկային շրջանի, այստեղ միջփակեղային տարածություններ չկան։

Նախաբազկի առաջային շրջանում գտնվում են առաջային և դրսային ոսկրափակեղային տարածություններն իրենց պարունակությամբ։

 

Առաջային ոսկրափակեղային տարածություն(բունոց)

Այստեղ գտնվում են հիմնականում ծալիչ մկանները և երկու վարհակիչները (pronator):

Այս բունոցի պատերն են՝

առջևից և միջայնորեն՝ սեփական փակեղը,

հետևից՝ նախաբազկի ոսկրերը և միջոսկրային ջլաթերթը,

դրսայնորեն՝ ճաճանչային առաջային միջմկանային խտրոցը։

Դրսային ոսկրափակեղային տարածություն (բունոց)

Այս բունոցի պատերն են՝

Առջևից և դրսայնորեն՝ սեփական փակեղը,

Միջայնորեն՝ ճաճանչային առաջային միջմկանային խտրոցը,

            Հետևից՝ ճաճանչային դրսային միջմկանային խտրոցը։

Այս շրջանում գտնվում են բազկաճաճանչային մկանը (m. brachioradialis) և վերհակիչ մկանը (m. supinator), միայն վերին 1/3-ում։

Մկանները

Նախաբազկի առաջային շրջանի մկանները դասավորված են 4 շերտով՝

  1. շերտ
    1. բազկաճաճանչային մկան (m. brachioradialis)
    2. կլոր վարհակիչ մկան (m. pronator teres)
    3. դաստակը ծալող ճաճանչային մկան (m. flexor carpi radialis)
    4. ափային երկար մկան (m. palmaris longus)
    5. դաստակը ծալող ծղիկային մկան (m. flexor carpi ulnaris)
  2. շերտ
    1. մատների ծալիչ մակերեսային մկանը (m. flexor digitorum superficialis)
  3. շերտ
    1. մատների ծալիչ խորանիստ մկանը (m. flexor digitorum profundus)
    2. ձեռքի բութ մատը ծալող երկար մկան (m. flexor pollicis longus)
  4. շերտ
    1. քառակուսի վարհակիչ մկան (m. pronator quadratus), որը գտնվում է նախաբազկի միայն ստորին 1/3-ում։

3-րդ և 4-րդ մկանային խմբերի միջև, առջևից գտնվում է Պիրոգովյան բջջանքային տարածությունը։ Այն գտնվում է՝

առջևից՝ մատների ծալիչ խորանիստ մկանի(m․ flexor digitorum profundus) և բթամատի երկար ծալիչ մկանի (m. flexor pollicis longus) միջև

հետևից՝ վերին մասում միջոսկրային ջլաթերթի, իսկ ստորին մասում վարհակիչ քառակուսի մկանի միջև։

Այս տարածության կարևոր նշանակությունը կայանում է նրանում, որ վերջինում կարող է կուտակվել ծղիկային և ճաճանչային սինովիալ պարկերի թարախային էկսուդատը՝ մինչը 0,25մլ։

 

Առաջային շրջանում գտնվում են նաև 4 նյադրաանոթային խրձերը։

  1. ճաճանչային,
  2. ծղիկային
  3. միջնակ
  4. միջոսկրային

Ճաճանչային նյարդաանոթային խուրձ

Կազմված է՝

  • ճաճանչային զարկերակ (a. radialis), այն իջնում է ակոսով և ստորին մասում, ճաճաճնչոսկրի մախաթելունից 2սմ վեր, անցնում է դեպի անատոմիական ծխախոտատուփ։ Այս զարկերակը համապատասխանում է արմկնային ծալքի միջնակետը ճաճանչոսկրի մախաթելունին, կամ պուլսի տեղին միացնող գծին։ Նրա կապումը և մերկացումը կատարվում է ուղղակի մուտքով։
  • ճաճանչային 2 երակներ (vv. radiales)
  • ճաճանչային նյարդի մակերեսային ճյուղ (r. superficialis n. radialis), որը վերին 2/3-ում գտնվում է զարկերակի նկատմամբ դրսայնորեն։ Ստորին 1/3-ում այն անցնում է բազկաճաճանչային մկանի ջլի տակով, ծակում է սեփական փակեղը և դուրս գալիս նախաբազկի թիկնային շրջանի ենթամաշկային բջջանք։

Այս խուրձը տեղակայված է ճաճանչային ակոսում (sulcus radialis), որի պատերը կազմում են

դրսայնորեն՝ բազկաճաճանչային մկանը (m. brachioradialis)

միջայնորեն՝ վերին 1/3-ում կլոր վարհակիչ մկանը (m. pronator teres), իսկ ստորին 2/3-ում դաստակը ծալող ճաճանչային մկանը (m. flexor carpi radialis):

Ծղիկային նյարդաանոթային խուրձ

Կազմված է՝

  • ծղիկային զարկերակ (a. ulnaris)։ Մերկացումն ու կապումը կատարվում է ուղղակի ձևով։
  • ծղիկային 2 երակներ (vv. ulnares)
  • ծղիկային նյարդ (v. ulnaris), գտնվում է ծղիկային ակոսում, ստորին 1/3-ում տալիս է թիկնային ճյուղ (r. dorsalis), որն անցնում է դաստակի թիկնային շրջանի ենթամաշկային բջջանք։ Այն ուրվագծվում է բազկոսկրի միջային վերկոճը սիսեռաձև ոսկրին միացնող գծում։

Այս նյարդաանոթային խուրձը գտնվում է ծղիկային ակոսում (sulcus ulnaris), որն առաջանում է՝

դրսայնորեն՝ մատները ծալող մակերեսային մկանով (m. flexor digitorum superficialis)

միջայնորեն՝ դաստակը ծալող ծղիկային մկանով (m. flexor carpi ulnaris)։

Ծղիկային նյարդը տեղադրված է ավելի միջայնորեն զարկերակի և երակների համեմատ և ողջ ընթացքում գտնվում է ծղիկային փոսում, ի տարբերություն զարկերակի և երակի, որոնք միայն միջին և ստորին 1/3-ում են գտնվում ծղիկային փոսում։

Ծղիկային անոթանյարդային խուրձը պառկած է ավելի խորը, քան ճաճանչայինը։

 

Միջոսկրային առաջային նյարդաանոթային խուրձ

Ծղիկային զարկերակը նախաբազկի վերին 1/3-ում տալիս է մի ճյուղ՝ միջոսկրային ընդհանուր զարկերակ (a. interossea communis): Այս զարկերակը իր հերթին տալիս է 2 ճյուղ՝

  • միջոսկրային առաջային զարկերակ (a. interossea anterior)
  • միջոսկրային հետին զարկերակ (a. interossea posterior), որը միջոսկրային ջլաթերթի բացվածքով անցնում է նախաբազկի հետին շրջան։

Ըստ սրա տարբերում են՝

  1. միջոսկրային առաջային նյարդաանոթային խուրձ
  2. միջոսկրային հետին նյարդաանոթային խուրձ

Միջոսկրային առաջային նյարդաանոթային խուրձը կազմված է՝

  • միջոսկրային առաջային զարկերակ (a. interossea anterior), քառակուսի վարհակիչ մկանի (m. pronator quadratus) սահմանում ծակում է ջլաթերթը և անցնում հետին շրջան, և մասնակցում է դաստակի թիկնային զարկերակային ցանցի (reta carpi dorsalis)
  • միջոսկրային առաջային երակներ(vv. interossea anterior)
  • միջոսկրային նյարդ(a. interossea), որը միջնակ նյարդի ճյուղն է։

Այս նյարդաանոթային խուրձը տեղակայված է միջոսկրային ջլաթերթի առաջային երեսին։

Միջնակ նյարդաանոթային խուրձ

            Կազմում են՝

  • միջնակ նյարդը (n. medianus), վերին 1/3-ում գտնվում է կլոր վարհակիչ մկանի (m. pronator teres) գլխիկների միջև, ապա հատելով ծղիկային զարկերակին առջևից, դասավորվում է մատները ծալող խորանիստ և մակերեսային մկանների միջև (mm. flexor digitorum superficialis et profundus): Ստորին 1/3-ում այն գտնվում է միջնակ ակոսում (sulcus medianus), որի պատերն են՝

միջայնորեն՝ մատները ծալող մակերեսային մկանը (m. flexor digitorum superficialis)

դրսայնորեն՝ դաստակը ծալող ճաճանչային մկանի ջլերը (m. flexor carpi radialis),

            Այս հատվածում նյարդը հաճախակի է վնասվում։

  • միջնակ զարկերակը (a. medianus), որը միջոսկրային առաջային զարկերակի ճյուղն է։
  • միջնակ երակը (v. medianus)

ՆԱԽԱԲԱԶԿԻ ՀԵՏԻՆ ՇՐՋԱՆ (REGIO ANTEBRACHII POSTERIOR)

  1. Մաշկը հաստ է, ծածկված է մազերով։
  2. Ենթամաշկը թույլ է զարգացած, ասյտեղ են գտնվում մակերեսային երակները ու նյարդերը։
  3. Սեփական փակեղը լավ է զարգացած և առաջացնում է հետին ոսկրափակեղային բունոցը։

Հետին ոսկրափակեղային բունոցի պատերն են՝

Առջևից՝ ոսկրերը և միջոսկրային ջլաթերթը (membrana interossea antebrachii)։

Դրսայնորեն՝  ճաճանչային հետին միջմկանային խտրոց (septum intermusculare posterior radiale)

Միջայնորեն՝ սեփական փակեղը, որը սերտաճում է ծղիկի հետին եզրի վերնոսկրին։

Այս բունոցում գտնվում են տարածիչ մկաններ և մեկ վերհակիչ (m. supinator):

Մկանները դսավորված են 2 շերտով՝ մակերեսային և խորանիստ։

Մակերեսային շերտի մկաներն են, դրսից ներս՝

  1. դաստակը տարածող ճաճանչային երկար և կարճ մկաններ (m. extensores carpi radiales longis et breves)
  2. մատների ընդհանուր տարածիչը( extensor digitorum communis)
  3. ճկույտի տարածիչը (m. extensor digiti minimi)
  4. դաստակը տարածող ծղիկային մկան (m. extensor carpi ulnaris)

Խորանիստ շերտի մկաններն են՝

  1. վերհակիչ մկանը (m. supinator)
  2. բթամատը զատող մկան (m. pollicis abductor)
  3. բթամատը տարածող երկար մկան (m. extensor pollicis longus)
  4. բթամատը տարածող կարճ մկան (m. extensor pollicis brevis)
  5. ցուցամատը տարածող սեփական մկան (m. extensor pollicis proprium)

Այս մկանաշերտերի միջև գտնվում է անոթանյարդային խուրձը, որը կազմված է՝

  • միջոսկրային հետին զարկերակ (a. interossea posterior)
  • միջոսկրային հետին երակներ (vv. interossea posterior)
  • ճաճանչային նյարդի խորանիստ ճյուղ (r. profundus n. radialis), որն այստեղ է անցնում վերհակիչների խողովակով (canalis supinatorius): Այստեղ այն մոտ է գտնվում ճաճանչոսկրին և վնասվածքների ժամանակ ևս կարող է վնասվել։

Այս նյարդաանոթային խուրձը հարում է միջոսկրային ջլաթերթի հետին մակերեսը։

5 thoughts on “Նախաբազկի շրջան

Թողնել մեկնաբանություն