սպասիր․․․

Բազկոսկր

ԲԱԶԿՈՍԿՐ (HUMERUS)

Տիպիկ երկար խողովակավոր ոսկր է։

Տարբերում են՝

  • բազկոսկրի մարմին (corpus humeri)
  • մոտակա, վերին ծայր (պրոկսիմալ)
  • հեռակա, ստորին ծայր (դիստալ)

 

Վերին ծայրը հաստացած է, գնդաձև և առաջացնում է բազկոսկրի գլուխը(caput humeri): Այն թեքված է փոքր ինչ միջայնորեն և հետ։   

  • անատոմիական վզիկ (collum anatomicum)անցնում է բազկոսկրի գլխի եզրով։
  • մեծ թմբիկ (tuberculum majus) – տեղակայված է անատոմիական վզիկից անմիջապես դուրս ավելի կողմնայնորեն։ Վրան կան մկանների ամրացման համար 3 հարթակ( supraspinatus, m. infraspinatus, m. teres minor)։ Սրանից ներքև ուղղված է՝
    • մեծ թմբիկի կատարը (crista tuberculi majoris),
  • փոքր թմբիկ (tuberculum minus)տեղակայված է անատոմիական վզիկից դուրս՝ ավելի միջայնորեն, մեծից առաջ։ Սրանից ներքև ուղղված է՝
    • փոքր թմբիկի կատարը (crista tuberculi minoris),
  • միջթմբիկային ակոս (sulcus intertubercularis)անցնում է երկու թմբիկների և կատարների արանքով։ Այս ակոսի մեջ է նստում բազկի երկգլուխ մկանի երկար գլխի ջիլը (m. biceps brachii caput longum):

Թմբիկներից ներքև ոսկրը դառնում է ավելի բարակ։

  • վիրաբուժական վզիկ (collum chirurgicus) – բազկոսկրի գլխի և մարմնի միջև եղած ավելի նեղ հատվածն է։

 

Բազկոկսրի մարմինը (corpus humeri) իր առանցքի շուրջ փոքր ինչ ոլորված է։ Վերին մասում այն գլանաձև է, դեպի ներքև դառնում է եռակող։ Այդ մակարդակի վրա տարբերում են՝

  • առաջային միջային երես (facies anterior medialis)
  • առաջային կողմնային երես (facies anterior lateralis)
  • հետին երես (facies posterior)

Մարմնի վրա առանձնացնում են՝

  • դելտայաձև թմբկությունը (tuberositas deltoidea)որին ամրանում է դելտայաձև մկանը։ Տեղակայված է մարմնի վրա, մեջտեղից քիչ վեր, առաջ-կողմնային երեսի վրա։
  • ճաճանչային նյարդի պարուրաձև ակոսը (sulcus nervi radialis)անցնում է դելտայաձև թմբկությունից վեր, մարմնի հետին երեսով։ Սկսվում է ոսկրի միջային եզրի մոտ, շրջանցում է հետևից ոսկրը և վերջանում կողմնային եզրի վրա։

Բազկոսկրի ստորին ծայրը լայնացած է և քիչ ծալված դեպի առաջ։ Արմնկահոդի ծալման դեպքում այս փոսի մեջ է մտնում ծղիկոսկրի պսակաձև ելունը։

Վերջանում է բազկոսկրի կոճով (condylus humeri):  Կոճի միջին մասը գոյացնում է բազկոսկրի ճախարակը (trochlea humeri)` նախաբազկի ծղիկոսկրի հետ հոդավորվելու համար։

Ճախարակից վեր, առջևում երևում է պսակաձև փոսը (fossa coronoidea):

Ճախարակից կողմնայնորեն գտնվում է բազկոսկրի կոճի գլխիկը (capitulum humeri)` ճաճանչոսկրի հետ հոդավորվելու համար։ Գլխիկից վեր ևս կա փոսիկ, որն ավելի փոքր է, քան պսակաձև փոսը և անվանում են ճաճանչային փոս (fossa radialis):

Հետևից ճախարակից վեր գտնվում է արմնկային ելունի մեծ փոսը (fossa olecrani): Այս փոսի և ճաճանչային փոսի միջև ոսկրը բարակ է, երբեմն անցք ունի։

Բազկոսկրի կոճերից վեր, կողմնային և միջային մասերում երևում են 2 բարձրություններ՝

  • միջային վերկոճ (epicondylus medialis)հետին երեսի վրա անցնում է ծղիկային նյարդի ակոսը (sulcus nervi ulnaris):
  • կողմնային վերկոճ (epicondylus lateralis)

Երկու վերկոճերից դեպի վեր դուրս են գալիս համապատասխան կատարները, որոնք բազկոսկրի մարմնի վրա ձևավորում են նրա եզրերը՝

  • միջային վերկոճային կատար (crista supracondylaris medialis)ձևավորում է բազկոսկրի մարմնի միջային եզրը (margo medialis)։
  • կողմնային վերկոճային կատար (crista supracondylaris lateralis)միջայինից փոքր է, ձևավորում է կողմնային եզրը (margo lateralis):

 

 

           

3 thoughts on “Բազկոսկր

Թողնել մեկնաբանություն